ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ընթացիկ հասարակությունը

Ընթացիկ հասարակությունը
15.06.2015 | 20:09

Այս պատկերն է, ըստ Բաումանի, դրսևորում այսօրվա անհատի համար «կայուն» կողմնորոշիչների լիակատար բացակայությունը: Դեռ պետք է հասկանալ, թե ինչ հետևանքներ կունենա այդ վիճակը:
«Ընթացիկ» արդիականության կամ հասարակության գաղափարը Զիգմունդ Բաումանինն է: Ովքեր ուզում են այդ հայեցակարգի մանրամասներին ու եզրակացություններին տեղեկանալ, կարող են կարդալ «Ճգնաժամային վիճակ» գիրքը (Էինաուդի հրատարակչություն, 18 եվրո), որտեղ Զիգմունդ Բաումանն ու Կարլո Բորդոնին քննարկում են այդ և ածանցյալ խնդիրները:
Ընթացիկ հասարակությունը սկսում է ձևավորվել պոստմոդեռնի (եզրույթը հովանոցի դեր է կատարում, որի տակ պատսպարվում են բազում ոլորտների ֆենոմեններ՝ սկսած ճարտարապետությունից մինչև փիլիսոփայություն ու գրականություն, առանց որևէ հիմնավորման) ալիքի վրա: Պոստմոդեռնիզմը նշանավորեց «մեծագույն պատումային ավանդույթի» ճգնաժամը: Համարվում էր, որ պոստմոդեռնիզմը կարող է աշխարհին նոր կողմնորոշիչ առաջարկել՝ զբաղվելով անցյալի վերագնահատմամբ՝ խաղացկուն, հեգնական տոնով, որ շատ մոտ էր նիհիլիստական միտումներին: Բորդոնիի կարծիքով, սակայն, պոստմոդեռնիզմը սկսել է թոշնել, ժամանակավոր երևույթ էր, որի միջով մենք անցանք ու նույնիսկ չնկատեցինք և գուցե երբևէ պոստմոդեռնիզմն ուսումնասիրվի իբրև նախառոմանտիզմ: Պոստմոդեռնիզմը անվանեց միայն ինչ-որ անցումային փուլ՝ լաստ դառնալով մոդեռնի ու դեռ անանուն ներկայի ափերին:
Բաումանը կարծում է, որ ծնվող արդիականության բնութագրերից մեկը պետականության ճգնաժամն է (ի՞նչ ազատություն ունեն ազգային պետությունները որոշումներ ընդունելիս միջազգային մոնոպոլիաների գերիշխանության դեմ հանդիման): Անհետանում են ինստիտուտները, որ անհատներին երաշխավորում էին մեր ժամանակի պրոբլեմները հայտնի միջոցներով լուծելու հնարավորությունը: Պետականության ճգնաժամի հետ նկատելի է գաղափարական ճգնաժամը, համապատասխանաբար՝ կուսակցական, հետևաբար՝ հիմա արդեն իմաստազրկվել են հասարակական արժեքներին հղումները, որ առանձին վերցրած անհատին թույլ էին տալիս իրեն ընդհանրության մաս զգալ ու ձևակերպել իր պահանջները:
Հասարակական ամեն ինչի ճգնաժամի ժամանակ ծաղկում է ապրում անսանձ անհատապաշտությունը, որ մերձավորի ուղեկցից դարձնում է հակառակորդ, ումից պետք է զգուշանալ: Այդ «սուբյեկտիվիզմը» խարխլել է մոդեռնի դարաշրջանի հիմքերը՝ դարձնելով փխրուն ու անկայուն և հիմա՝ կողմնորոշումների լիակատար բացակայությամբ, ամեն ինչ տարրալուծվում է ընթացիկության մեջ: Կորչում է իրավական վստահությունը (դատարանն ընկալվում է իբրև թշնամի), և անհատականությունից հնարավոր հեռացումը, որ որևէ սկզբնակետ չունի, դառնում է մի կողմից՝ ցանկացած գնով երևութականության ստեղծումը, այսինքն՝ կարծեցյալը վերածվում է ինքնուրույն արժեքի, մյուս կողմից՝ սպառումը: Խոսքը, սակայն, այն սպառման մասին չէ, որի նպատակը բավականություն պատճառող ցանկալի առարկան ունենալն է: Ներկա սպառումը, հակառակը, ակնթարթորեն գնվածը վերածում է հնացածի՝ ստիպելով անհատի գնումը գնումի հետևից կատարել՝ ասես վարակված աննպատակ բուլեմիայով (նոր հեռախոսը շատ քիչ է զիջում նախորդին, որից պետք է ազատվել՝ ցանկությունների այդ խրախճանքից դուրս չմնալու համար):
Գաղափարախոսությունների ու կուսակցությունների ճգնաժամ. ինչ-որ մեկն ասել է, որ այդ հասկացությունները այսօր նմանվել են տաքսիների, ուր նստում են առաջնորդները կամ բարձր պաշտոնյաները՝ ձայների հետևից մրցավազքում, անկաշկանդ ընտրելով պահին հարիր գաղափարներն ու կուսակցությոնները, ինչի շնորհիվ մենք առանց որևէ զայրույթի, հակառակը՝ նույնիսկ ընկալումով ենք վերաբերվում տարատեսակ ռենեգատներին: Եվ արդեն ոչ միայն առանձին անհատները, այլև ամբողջ հասարակությունն է ապրում ժամանակավոր կացության կայուն վիճակում: Ո՞րն է այլընտրանքը այս խառնուրդի: Մենք դեռ չգիտենք, միջանկյալությունը բավականաչափ երկար կտևի: Բաումանը նկատում է (կորցնելով փրկության հավատը ի վերուստ տրված՝ պետության և հեղափոխության կողմից), հենց միջանկյալության շրջանում են ծագում ընդվզումները: Այդ շարժումները գիտեն՝ ինչ չեն ուզում, բայց չգիտեն՝ ինչ են ուզում: Հիշեցնեմ, որ հասարակական կարգի պահպանության ծառայությունները անհանգստացած են, որ «սև բլոկին» որևէ բնորոշում չի համապատասխանում՝ ոչ անարխիզմը, ոչ ֆաշիզմը, ոչ կարմիր բրիգադները: Նրանք ակտիվ են, բայց ոչ ոք, նույնիսկ իրենք, չգիտեն՝ երբ և որ ուղղությամբ հարձակման սպասել:
Ընթացիկության ժամանակներում վերապրելու միջոց կա՞: Այո, կա: Պետք է գիտակցես, որ ապրում ես ընթացիկ հասարակության մեջ: Այդպիսի հասարակությունը՝ հասկացվելու և, գուցե, հետագայում վերափոխվելու համար նոր մոտեցումներ է պահանջում: Դժբախտաբար, քաղաքական գործիչները, մեծ մասամբ նաև մտավորականները, դեռ չեն գիտակցել այդ ֆենոմենի նշանակությունը: Այս պահին հայեցակարգի հեղինակ Զիգմունդ Բաումանի գաղափարները մնում են ձայն բարբառո հանապատի:
ՈՒմբերտո Էկո, «L'Espresso», Իտալիա


Հ.Գ.
Ինչքան ծանոթ վիճակ է, չէ՞, պետության, կուսակցության, գաղափարների ճգնաժամ, կողմնորոշիչներն ու չափանիշները կորցրած անհատ, անհատների համախումբ՝ հասարակություն: Խոստովանում եմ՝ կարդացի ու ուրախացա: ՈՒրախության պատճառ ՈՒմբերտո Էկոն չի տալիս, բայց ես ուրախացա, որ բոլոր այդ ճգնաժամերը միայն մերը չեն: Մենք այնքան սովորել ենք Հայաստանում տեսնել միայն վատը, մենք էլ գիտենք՝ ինչ չենք ուզում, բայց չգիտենք՝ ինչ ենք ուզում: Մեզ մոտ էլ պարբերաբար ճգնաժամային զանգվածներ են ձևավորվում ու չգիտես՝ երբ ու ինչ կլինի: Փաստորեն՝ մենք մենակ չենք, ու դա արդեն մխիթարություն է: Մխիթարություն, որ ընթացիկ ու արժեքները կորցրած հասարակությունը սկսել է գիտակցել ընթացիկ պահը, իսկ գիտակցելուն, հակառակ նույնիսկ ցանկության, հաջորդում է ելքը: ՈՒրեմն՝ այս ընթացիկությունն ունի այլընտրանք, և դա այն սքանչելին է, որ կարող է պատահել նույնիսկ մեր կյանքում: ՈՒմբերտո Էկոն մի քիչ չափազանցում է «ձայն բարբառո հանապատի»-ով, անապատում մարդիկ կան:

Դիտվել է՝ 1382

Մեկնաբանություններ